Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը
Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը
1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների կողմից հաստատված կանոնադրությունը:
2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները պետք է ընդունեն միաձայն:
Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կառավարման մարմինների կազմը և լիազորությունները, այդ թվում` ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի (այսուհետ` ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիսացող հարցերը.
դ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը` այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.
ե) ընկերության կանոնադրական կապիտալի չափը.
զ) ընկերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները.
է) ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կարգը.
ը) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասն այլ անձին փոխանցելու կարգը:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Ընկերության մասնակցի հրավիրած աուդիտորի կամ ցանկացած այլ անձի պահանջով ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետներում նրան հնարավորություն տալ ծանոթանալու հիմնադրման մասին պայմանագրին և կանոնադրությանը` դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ: Պատճենների տրամադրման համար ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը:
4. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:
5. Անձը համարվում է ընկերության մասնակից, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա, որպես այդպիսին, գրանցվելու պահից:
Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցներինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(10-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն)