Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը
Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը
1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:
2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ, այդ թվում`
ա) ընկերության կառավարման մարմինների կազմն ու լիազորությունները, այդ թվում` ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի (այսուհետ` ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիսացող հարցերը.
բ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.
գ) ընկերության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
դ) ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կարգը.
ե) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասն այլ անձին փոխանցելու կարգը:
3. Ընկերության մասնակցի հրավիրած աուդիտորի կամ ցանկացած այլ անձի պահանջով ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետներում նրան հնարավորություն տալ ծանոթանալու հիմնադրման մասին պայմանագրին և կանոնադրությանը` դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ: Պատճենների տրամադրման համար ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը:
4. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:
5. (կետն ուժը կորցրել է 21.12.10 ՀՕ-218-Ն)
(10-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.10 ՀՕ-218-Ն)