Հոդված 45. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կարգը
Հոդված 45. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կարգը
1. Դիմող(ներ)ը սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը թղթային կրիչի վրա ներկայացնում է(են) գործակալություն անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը` գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սույն հոդվածով սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`
1) ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում իրավահաջորդության մասին կատարվում է գրառում.
2) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, միասնական պետական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդության մասին.
3) իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
5. Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում կատարվում է իրավահաջորդության մասին գրառում:
6. Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում գործակալությունը պետական գրանցամատյանում կատարում է գրառում գործունեության դադարման մասին:
7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտին կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կցվում է նշաթերթ, որը բովանդակում է տվյալ փաստաթղթի համաձայն կատարված պետական գրանցման տարին, ամիսը, օրը:
8. Վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից: Գրանցամատյանում վերակազմակերպման գրանցումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով տրամադրվում է անձին: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` իրավահաջորդության մասին տեղեկությունները, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
(45-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)