Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացի համար գործակալություն ներկայացվող փաստաթղթերի բովանդակությանը առաջադրվող պահանջները

գործել է մինչև 2020-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 17. Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացի համար գործակալություն ներկայացվող փաստաթղթերի բովանդակությանը առաջադրվող պահանջները

1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի`

1) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).

2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը.

3) նշում, որ դիմումը ներկայացվում է գործակալություն.

4) ներկայացվող պահանջը.

5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

6) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

7) դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը:

2. Դիմում ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կատարված նաև այն դեպքում, երբ անձը գործակալություն է ներկայացնում դիմում լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը) և ստորագրում է գործակալության պատրաստած դիմումը:

3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

4. Սույն օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում, կախված հայցվող գործողության տեսակից, լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը, սակայն, չի կարող ավելին լինել, քան դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

5. Եթե օրենսդրությամբ որևէ հաշվառում կամ գրանցում կատարելու համար նախատեսված է լիազոր կամ այլ մարմնի որոշում ներկայացնելու պահանջ, ապա այդ որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.

1) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն (այսուհետ` Արձանագրություն).

2) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասի 1-4-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված ձևերից որևէ մեկը.

3) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց կամ մարմինների.

4) հրաման.

5) դատարանի որոշում.

6) դատարանի վճիռ.

7) օրենքով սահմանված այլ ձևեր:

6. Արձանագրությունը պետք է բովանդակի տեղեկություններ՝

1) նիստի գումարման օրվա և վայրի մասին.

2) Արձանագրության կազմման օրվա մասին.

3) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).

4) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).

5) նիստի օրակարգը.

6) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.

7) այլ տեղեկություններ, եթե այդպիսի պահանջ սահմանված է առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով, այլ օրենքներով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

7. Արձանագրությունից քաղվածքը պետք է պարունակի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ նույն մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է պարունակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին:

8. Եթե օրենքով պահանջվում է ներկայացնել որևէ փաստաթղթի պատճենը, ապա պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով:

9. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, և փաստաթղթերը ստորագրվում են օրենքով նախատեսված համապատասխան անձանց կողմից: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների և բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

10. Եթե անձը համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված, երբ անձը գործակալության պաշտոնական կայքի միջոցով անմիջապես տեղեկատվական համակարգում լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, և օրենքով նախատեսված համապատասխան անձինք հաստատում են ներկայացված փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությունների միջոցով: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների կամ բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

11. Պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև կանոնադրության նմուշային ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Գործակալությունը նմուշային ձևերը անձանց տրամադրում է սպասարկման գրասենյակում: Դրանք պետք է ներդրվեն նաև տեղեկատվական համակարգում՝ սպասարկման գրասենյակում գործակալության աշխատակցի կողմից, ինչպես նաև համացանցի միջոցով ցանկացած այլ անձի կողմից էլեկտրոնային փաստաթղթեր կազմելու նպատակով:

12. Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի, գործակալությունը վերադարձնում է առանց քննարկման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։