Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-11։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-11-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2020-04-11ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) (կետն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-176-Ն)

2) էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար.

3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.

4) սպասարկման գրասենյակ` գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը.

5) ծածկագիր` թվերի և տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, և որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ` գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը.

6) տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը և պետական հաշվառումը.

7) պետական միասնական գրանցամատյան (նաև գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց իրական սեփականատերերի, Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վերաբերյալ.

8) վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց.

9) գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, որը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը և լրացումը.

10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը և լուծարման պետական գրանցումը.

11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.

12) փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որևէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.

13) լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.

14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառումը, ինչպես նաև պետական մարմինների պետական հաշվառումը.

15) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.

16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.

16.1) պետական մարմնի հաշվառում` հաշվառման ենթակա պետական մարմնի հաշվառումը պետության կողմից.

17) կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.

18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորում.

19) հիմնադիր՝ մինչև իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

20) գործակալության պաշտոնական կայք՝ համացանցի հttp://www.e-register.am հասցեում տեղակայված կայքը.

21) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի հttp://www.azdarar.am հասցեում տեղակայված կայքը.

22) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը.

23) իրական սեփականատեր՝ ֆիզիկական անձ, որը՝

ա. առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում կամ տիրապետում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին,

բ. վերահսկում է իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայի, այսուհետ՝ բաժնետոմս) կամ այլ արժեթղթերի միջոցով,

գ. ստանում է իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը,

դ. իրավասու է նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց,

ե. իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու իրավաբանական անձի կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի, օպցիոնի պայմանագրի, բաժնետոմսերի (բաժնեմասերի) փոխարկվող պարտքի տրամադրման պայմանագրի և այլ միջոցներով:

Սույն կետով սահմանված հիմքերով իրավաբանական անձին տիրապետելու, վերահսկելու կամ եկամուտ ստանալու դեպքերում քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է իրական սեփականատեր՝ անկախ հսկողության, մասնակցության և եկամտի չափից:

24) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք (բացառությամբ քննիչների), Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նշված անձանց ընտանիքի անդամները, այն է՝ ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը.

25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,

ա. որոնցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 և ավելի տոկոսին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները,

բ. որոնցից մեկի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսից ավելիին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 և ավելի տոկոս հանրագումարին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

26) փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը հանդիսանում է՝

ա. տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 10 տոկոս և ավելին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարը տնօրինող մասնակից,

բ. օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ կառավարման այլ մարմինների անդամ.

27) փոխկապակցված անձինք՝ անձի ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները.

28) միջանկյալ իրավաբանական անձ՝ ընկերություն-իրական սեփականատեր շղթայում գործող ցանկացած իրավաբանական անձ:

(3-րդ հոդվածը փոփ. 19.10.16 ՀՕ-176-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-30-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-210-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։