Հոդված 34. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 34. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) իրավաբանական անձի կանոնադրությունը.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
6) (կետն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-9-Ն)
7) մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:
2. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն, համայնք կամ միջհամայնքային միավորում է:
3. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
4. Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
5. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման կամ իրավաբանական անձի մասին սույն օրենքով սահմանված տեղեկությունները գրանցամատյանում գրառելու դեպքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի տված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:
6. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
(34-րդ հոդվածը փոփ. 07.03.18 ՀՕ-148-Ն, 19.01.21 ՀՕ-40-Ն, 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)