Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-23-ից մինչև 2010-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը

գործել է մինչև 2010-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը

1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

2. Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:

3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:

Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:

Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:

4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

(44-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-349-Ն, 16.12.05 ՀՕ-18-Ն)

44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը

Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

(44.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։