Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները
Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները
1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:
2. Արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.
3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.
4) նիստի օրակարգը:
Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:
(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-308-Ն)