Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը
Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ թղթային եղանակով վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը և վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(15.1-ին հոդվածը լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, 17.12.25 ՀՕ-491-Ն)
ՀՈԴՎԱԾ 16. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.
Կոչումը Ծառայության սահմանային տարիքը
Ավագ ենթասպայական կազմ ենթասպա, ավագ ենթասպա 52
Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան 52
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ,
գնդապետ 52
57
Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր 65
2. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը և հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը` մինչև 10) տարի ժամկետով:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., լրաց. 13.06.16 ՀՕ-94-Ն, խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն, 17.12.25 ՀՕ-491-Ն)
ՀՈԴՎԱԾ 17. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ և ԱՎԱՐՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից, ինչպես նաև ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված և մինչև համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում կադրերի տրամադրության տակ թողնելու օրը:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայողին ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ: