Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4.2. Քննչական մարմինը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 4.2. Քննչական մարմինը

1. Քննչական մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, քննչական ենթակայության կանոններին համապատասխան նախաձեռնում է քրեական վարույթ և իրականացնում նախաքննություն։

2. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է լիազորված մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:

(4.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-156-Ն)

(հոդվածը 09.06.22 ՀՕ-156-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժը կկորցնի 01.01.2024 թվականին)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 5. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերից:

(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

ՀՈԴՎԱԾ 6. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:

ՀՈԴՎԱԾ 7. ՄԱՐԴՈՒ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:

Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 8. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում:

Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։