Հոդված 20. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 20. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)
1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով` համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ` ֆինանսական համահարթեցման դոտացիաներ:
2. Համայնքներին չի կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:
Պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:
3. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգը սահմանվում է օրենքով:
4. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող`
ա) այլ դոտացիաներ` համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով որևէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.
բ) սուբվենցիաներ` համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պետական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գումարները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(20-րդ հոդվածը փոփ. 08.02.00 ՀՕ-34, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, 16.12.16 ՀՕ-239-Ն)