Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:
2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`
ա) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.
բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.
գ) տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.
դ) տեղեկություններ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.
դ1) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փաստաթղթի մաս կազմող գերատեսչական տարեկան ծրագրերով նախատեսված արդյունքների կատարման վերաբերյալ.
դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.
ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:
3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:
4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եզրակացությունը բովանդակում է`
ա) պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատության գնահատականը.
բ) հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման գնահատականը:
5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:
(25-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-211, փոփ. 25.12.06 ՀՕ-9-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-115-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)
(25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի դրույթները իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը)