Հոդված 15.1. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15.1. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`
ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.
բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:
Կառավարությունը և կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:
2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ`
ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ.
բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.
գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.
դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.
ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ` դրանց կարևորության հիմնավորմամբ.
զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:
3. Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է պետական բոլոր մարմինների համար հետևյալ տեղեկությունները`
ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.
բ) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք ծախսերի վրա.
գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.
դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:
(15.1-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, 25.12.06 ՀՕ-37-Ն, փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)