Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 8. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2026-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 8. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական և համայնքների բյուջեներին բյուջետային մուտքերի համապատասխան տեսակների (ամբողջապես կամ մասնակիորեն), ինչպես նաև այդ բյուջեներից ելքերի իրականացման գծով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամրագրում:

3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը.

բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենսդրությանը համապատասխան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.

դ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.

ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի և լրացուցիչ ելքերի բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:

4. Բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական և համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման` բյուջետային համակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:

5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:

6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում` դրանց մուտքերի:

7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է`

ա) հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրապարակումը մամուլում (սույն օրենքի 26-րդ, 36-րդ հոդվածների պահանջներին համապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.

բ) բյուջեների նախագծերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների բյուջեների, պետական բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:

9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն:

(8-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։