Հոդված 32. Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից
Հոդված 32. Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից
1. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում կամ մինչև պետական բյուջեի հաստատումը: Համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
2. Համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու նիստում ներկայացնում է համայնքի ղեկավարը:
3. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի մասին որոշման նախագծի քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:
4. Քննարկումներից հետո համայնքի ղեկավարը կարող է մինչև մեկ շաբաթ ժամանակ վերցնել` ներկայացված նախագծի մեջ անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:
5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է համայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը:
6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը:
Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:
7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո 3 օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:
Մարզպետը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող` մարզի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում:
8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ մարզպետի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:
Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն քսան օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:
10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: