Հոդված 33. Համայնքի բյուջեի կատարումը
Հոդված 33. Համայնքի բյուջեի կատարումը
1. Համայնքի բյուջեի հաստատումից հետո համայնքի ղեկավարը սահմանում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, հաստատում` բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:
2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`
ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին,
բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը,
գ) աջակցում է հարկային մարմիններին` համայնքի բյուջե հարկերի մուտքագրման գործում,
դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված չափաքանակները:
4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացքը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:
5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:
6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է: