Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 20. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

գործել է մինչև 2026-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով` համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ` ֆինանսական համահարթեցման դոտացիաներ:

2. Համայնքներին չի կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:

Պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:

3. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգը սահմանվում է օրենքով:

4. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող`

ա) այլ դոտացիաներ` համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով որևէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.

բ) սուբվենցիաներ` համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պետական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գումարները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է նաև համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով և կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողը:

6. Յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է համայնքի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-ին մասով սահմանված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից, բացառելով սույն մասի սկզբնամասում նշված ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները:

Մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:

7. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախագիծը և Ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին: Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնեցմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը:

8. Ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

(20-րդ հոդվածը փոփ. 08.02.00 ՀՕ-34, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, 16.12.16 ՀՕ-239-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-52-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։