Հոդված 31. Համայնքի բյուջեի նախագծի կազմումը
Հոդված 31. Համայնքի բյուջեի նախագծի կազմումը
1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է համայնքի զարգացման եռամյա ծրագրով` տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:
2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:
3. Կառավարության կամ նրա լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը:
4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը`
- աշխատակազմի համապատասխան ծառայություններին, բյուջետային հիմնարկներին տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվարկման ու ներկայացման համար.
- մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը ապահովում է եկամուտների ու ծախսերի հաշվարկման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած համապատասխան ձևերով:
5. Բյուջետային հիմնարկները մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:
6. Համայնքի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները, կազմում` համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը:
7. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`
ա) համայնքի բյուջեի նախագիծն ըստ բաղկացուցիչ մասերի, ըստ եկամտատեսակների ու ծախսերի ուղղությունների` գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան` երեք տարվա կտրվածքով, այդ թվում` նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային և կանխատեսվող տարվա համապատասխան ցուցանիշներով,
բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին,
գ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային (հաստատված) ցուցանիշների հետ,
դ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`
- իրավական հիմքը.
- բովանդակությունը.
- խնդիրները և նպատակները.
- կատարման փուլերը և ժամկետները.
ե) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.
զ) բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.
է) տեղեկություններ` պետական բյուջեից համայնքի բյուջեին օրենքով տրամադրվող հատկացումների մասին.
ը) հաջորդ բյուջետային տարում սպասվելիք դրամական և նյութական օգնություններից, նվիրատվություններից և այլ մուտքերից գոյացող միջոցներից կատարվող հատկացումների հիմնավորումը.
թ) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ փաստացի աշխատողների թվաքանակի մասին.
ժ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի հիմնավորման համար: