Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները
Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները
1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`
ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
բ) պաշտպանություն.
գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
դ) կրթություն և գիտություն.
ե) առողջապահություն.
զ) սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն.
է) բնակարանային կոմունալ տնտեսություն.
ը) մշակույթ, սպորտ և կրոն.
թ) վառելիքաէներգետիկ համալիր.
ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
ժգ) պետական բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր, որոնց շարքին դասվում են նաև`
- կառավարության պահուստային ֆոնդ.
- համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ.
- համայնքների բյուջեներին պատվիրակված լիազորությունների համար տրամադրվող հատկացումներ.
- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ:
2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումը և պահպանումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է համապատասխան գումար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզվառելիքի, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը:
(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)