Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում
Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում
1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բարձրագույն կրթության առաջին աստիճանում` բակալավրիատում, դիպլոմավորված մասնագետի ծրագրում անցկացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված մրցութային հիմունքներով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:
Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:
Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն:
4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ։
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ կրթական ծրագրերի (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:
(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-163-Ն)