Հոդված 8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը
Հոդված 8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակը.
2) եվրոպական և օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.
4) օտարերկրյա պետությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝
1) ընդհանուր պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.
2) պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
2.1) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
3. Պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական (ռազմաբժշկական), ոստիկանական և բժշկական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված):
4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.
1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով`
- բակալավրի,
- մագիստրոսի,
- դիպլոմավորված մասնագետի.
2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`
- հետազոտողի.
- կլինիկական օրդինատորի.
3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝
- վերապատրաստման,
- մասնագետների որակավորման բարձրացման:
5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
(8-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-47-Ն, 10.09.08 ՀՕ-163-Ն, 30.09.13 ՀՕ-100-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-82-Ն)