Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-09-ից մինչև 2013-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

գործել է մինչև 2013-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը.

2) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում մասնագետների պատրաստմանն աջակցելը.

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը.

4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.

6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևից:

2. Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով.

1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի.

2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.

3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում.

4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.

5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).

7) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում.

8) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով.

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության և կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:

Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

Պետությունը սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-112-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն, 08.02.11 ՀՕ-51-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։