Հոդված 9. Վճարային քարտեր ընդունող սարքերի կիրառումը
Հոդված 9. Վճարային քարտեր ընդունող սարքերի կիրառումը
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաև վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում։
2. Կառավարությունը կարող է սահմանել այն պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում չնշված սուբյեկտների ցանկը, որոնք պարտադիր պետք է տեղադրեն և կիրառեն վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր:
3. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի անսարքության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ սեղմ ժամկետներ նախատեսված չեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված սուբյեկտները պարտավոր են վերանորոգել կամ փոխարինել տվյալ սարքը։ Եթե վճարային քարտերով կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով վճարման ընդունումն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու միջոցով, ապա դրանց անսարքության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված սուբյեկտները պետք է առաջնորդվեն Կառավարության որոշմամբ հաստատված կանոններով։
4. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով:
5․ Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների վերաբերյալ, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ տեղեկությունների փոխանակումը Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև իրականացվում է Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ նորմատիվ իրավական ակտով։
(9-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-269-Ն)