Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե՝
1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը․
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով․
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ։
(6.1-ին հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-395-Ն)
(6.1-ին հոդվածի 3-րդ մասը գործում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը` 24.10.24 ՀՕ-395-Ն օրենքը փոփոխող 17.12.25 ՀՕ-516-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն)