Հոդված 12. Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում
Հոդված 12. Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում
1. Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ: