Հոդված 6. Մարզպետի նշանակման և ազատման կարգը
Հոդված 6. Մարզպետի նշանակման և ազատման կարգը
1. Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:
2. Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են՝
1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) մարզպետի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:
3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ են համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե՝
1) հրաժարական է ներկայացրել.
2) դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) խախտվել են պաշտոնի անհամատեղելիության պահանջները.
4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն.
5) Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:
6. Մարզպետի պաշտոնը թափուր է համարվում այն դեպքերում, երբ՝
1) մարզպետը մահացել է.
2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
7. Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները: