Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-08-ից մինչև 2020-10-17։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2020-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

(վերնագիրը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)

Օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսին և տարածվում մինչև մերձերկրային տիեզերական տարածություն.

2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է բնակելի, արտադրական և այլ տեսակի շենքերից դուրս.

3) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդի վրա վնասակար նյութերի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործություն.

4) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում, և որը որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

5) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.

6) մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություն` աղմուկի, վիբրացիայի, իոնիզացնող ճառագայթման, ջերմային և այլ ֆիզիկական գործոնների վնասակար ազդեցություն, որի հետևանքով կարող են փոփոխվել մթնոլորտային օդի ջերմային, էներգետիկական, ալիքային, ռադիոակտիվ և այլ ֆիզիկական հատկությունները` ազդելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

7) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում.

8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.

9) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով կազմակերպված և անկազմակերպ արտանետման աղբյուր.

10) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող արտանետման աղբյուր.

11) մթնոլորտային օդի մոնիթորինգ (դիտանց)` մթնոլորտային օդի վիճակի, նրա բաղադրության և նրանում կատարվող բնական երևույթների, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտի վրա ֆիզիկական ներգործությունների դիտարկման, գնահատման և ուսումնասիրության գործընթաց.

12) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (խտություն)` մթնոլորտային օդում աղտոտող առանձին նյութի այն առավելագույն կոնցենտրացիան, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա սույն օրենքի իմաստով.

13) սահմանային թույլատրելի արտանետում` արտանետում, որի հետևանքով արտանետված աղտոտող (վնասակար) նյութի գետնամերձ կոնցենտրացիան չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

14) մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործության նորմատիվ` նորմատիվ, որի դեպքում վնասակար ֆիզիկական ներգործությունը չի հանգեցնում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցման.

15) մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակ` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործության այն առավելագույն մակարդակը, որի դեպքում այդ ներգործությունը բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային ռեսուրսներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործությունը.

17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

18) օդի պահանջվող օգտագործում` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութերի արտանետումները մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.

19) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից արտանետվող վնասակար նյութերի վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում.

20) աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ (չափաքանակների տիրույթներ)՝ արտանետումներ, որոնք առաջանում են լավագույն հասանելի տեխնոլոգիայի կիրառման դեպքում:

(2-րդ հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն, խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-56-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։