Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «փոխհատուցման ենթակա գումարը» բառերը փոխարինել «համարժեք փոխհատուցման գումարը և այդ գումարի 20 տոկոսի չափով հավելյալ գումար» բառերով, նույն մասը «դատարանի կամ նոտարի» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (համապատասխան ստորաբաժանման)» բառերով, նույն մասի «պատշաճ ձևով» բառերը փոխարինել «սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով և նույն մասից հանել «Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:» նախադասությունը․
2) 2-րդ մասը «պարտավոր է նշել» բառերից հետո լրացնել «օտարվող գույքի նույնականացնող տվյալները և» բառերով․
3) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին տեղեկությունն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկվելուց հետո մինչև օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողը սահմանված կարգով ստանում է դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման գումարը, ապա սեփականության օտարման պայմանագիրը համապատասխան սուբյեկտի մասով համարվում է կնքված:»,
բ. երկրորդ նախադասությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, որում պարտադիր պետք է նշվեն օտարվող գույքը նույնականացնող տվյալները (անշարժ գույքի դեպքում՝ նաև հասցեն, ծածկագիրը և այլն), ինչպես նաև ստացված գումարի չափը» բառերով և երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հանձնված գումարը միայն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից ստացվելու դեպքում սեփականության օտարման պայմանագիրը կնքված է համարվում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասով, իսկ գույքային իրավունքներ ունեցողների կողմից ստացվելու դեպքում` միայն գույքային իրավունքների դադարման մասով։ Օտարվող սեփականության սեփականատերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման գումարն ստանալ նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ ցանկացած պահի։»․
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Եթե օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, չեն ստանում դեպոզիտ հանձնված գումարը, ապա օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերողին է փոխանցվում օրենքի ուժով՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը, և այդ հիմքով դադարեցվում են նաև օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սահմանափակումների, և ծանրաբեռնվածությունները: Գույքի նկատմամբ իրավունքները գրանցման ենթակա լինելու դեպքում օտարվող գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները դադարում են օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման պահից։ Տվյալ դեպքում օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսանում գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը և լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը` կառավարության որոշումն ուժի մեջ լինելու վերաբերյալ, օտարման պայմանագրի նախագիծը և փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու վերաբերյալ նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի նաև նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հավաստիացումն առ այն, որ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, օտարվող համապատասխանաբար սեփականության սեփականատերերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն այն չեն ստացել:
6. Օտարվող սեփականության սեփականատերերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները պարտավոր են ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո` երկու ամսվա ընթացքում, օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին, իսկ օտարվող սեփականությունն անշարժ գույք լինելու դեպքում` ազատել օտարվող անշարժ գույքը և այն հանձնել ձեռքբերողին: Սույն մասով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների վտարումն օտարված սեփականության տարածքից իրականացվում է (ներխուժումը վերացվում է) կամ օտարված գույքը նրանցից վերցվում է և նոր սեփականատիրոջն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»: