Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի «օտարումը» բառը փոխարինել «օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցողներն իրավունք ունեն սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում, դիմելու դատարան` սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափը վիճարկելու պահանջով: Սույն մասով սահմանված գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի, ինչպես նաև հանրության գերակա շահ ճանաչելու որոշմանը և դրանից բխող գործողություններին, այդ թվում՝ օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող որևէ այլ հայցի ներկայացումը չի կասեցնում և չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը և գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի, ինչպես նաև օտարվող կամ օտարված գույքի առնչությամբ որևէ վեճի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:».
4) 2-րդ մասի՝
ա. «դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե» բառերը փոխարինել «դատարանի` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայցի քննության արդյունքում կայացված` օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է, որ» բառերով,
բ. «ա» կետի «սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում» բառերը փոխարինել «դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը համարվում է համարժեք փոխհատուցում, և ձեռքբերողի կողմից դեպոզիտ վճարված ու դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը գերազանցող գումարը վճիռը կատարելուց հետո ձեռքբերողի պահանջով ենթակա է վերադարձման ձեռքբերողին» բառերով,
գ. «բ» կետի «այդ օրվա դրությամբ» բառերը փոխարինել «դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ, որը պետք է ներառի նաև սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին վճարվող փոխհատուցումը» բառերով, իսկ նույն կետը «լրացուցիչ գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նշվում է փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց վճարման ենթակա փոխհատուցման չափը, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին:» բառերով.
5) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ձեռքբերողը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:».
7) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
8) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: