Հոդված 16. Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 16. Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները
(վերնագիրը խմբ. 20.01.26 ՀՕ-9-Ն)
1. Գնահատողն իրավունք ունի՝
1) գնահատման ընթացքում գնահատման կազմակերպությունից և պատվիրատուներից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ այդ տեղեկատվությամբ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.
2) օգտվելու սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավունքներից.
3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:
2. Գնահատման կազմակերպությունն իրավունք ունի`
1) գնահատման ընթացքում պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից՝ տեղեկատվություն ստանալու համար.
3) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով գնահատմանը ներգրավելու այլ մասնագետ(ներ)ի.
4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.
5) գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.
6) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:
3. Գնահատողը պարտավոր է`
1) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) Հաշվառման ծրագրում մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները.
3) սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջի աջ՝ ներքևի անկյունում, լրացնել Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարը.
4) ստորագրել հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ.
5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար․
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պահպանել գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները․
7) կրել սույն հոդվածի 4-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված պարտականությունները.
8) չհանդիսանալ մեկից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.
9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձնաժողովի նիստերին.
10) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:
4. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է`
1) գնահատման գործունեություն իրականացնելուց առաջ սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.
2) գնահատման հաշվետվությունը հաստատել գնահատման կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.
3) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը՝ հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.
4) ապահովել պատվիրատուներից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա գույքի արժեքի վերաբերյալ էլեկտրոնային կամ փաստաթղթային տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան մարմիններին.
6) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք.
7) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին.
8) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար.
9) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատման կազմակերպության մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետում նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:
5. Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաև ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:
(16-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-363-Ն, խմբ., լրաց. 20.01.26 ՀՕ-9-Ն)
(02.10.24 ՀՕ-363-Ն օրենքն ունի անցումային դրույթ)