Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-08-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 13. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը դատական կարգով

գործել է մինչև 2021-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը դատական կարգով

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

1. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:

2. Եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝

ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում.

բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը.

գ) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-105-Ն)

3. Դատարանի կողմից օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է հանդիսանում սեփականությունն օտարելու դատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափով և սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված պայմաններով:

Եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս, ապա դատարանի վճռում նշվում են փոխհատուցման իրավունք ունեցող բոլոր անձինք:

4. Դատական կարգով օտարվող սեփականության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է, և ձեռքբերողի սեփականության իրավունքն այդ սեփականության նկատմամբ ծագում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հաշվին հանձնելու պահից, իսկ դատարանի վճռից ծագող պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքները ծագում են միայն դրանց պետական գրանցման պահից: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը և դատարանի սահմանած փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին առկա է, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի տված տեղեկանքը։

5. Եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս, ապա դեպոզիտ հաշվից փոխհատուցման գումարը տրվում է միայն փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց կողմից կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնագրին համապատասխան:

Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև վեճերը լուծվում են դատական կարգով:

6. Դատական կարգով սեփականությունն օտարված է համարվում հետևյալ պայմաններով՝

ա) ձեռքբերողը պարտավոր է դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում.

բ) սեփականատերը պարտավոր է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և ձեռքբերողի կողմից փոխհատուցման լրացուցիչ գումարը (եթե այդպիսին նախատեսված է դատարանի կողմից) դեպոզիտ հաշվին հանձնելուց հետո` հինգ օրվա, իսկ անշարժ գույքը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետի ընթացքում օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասի «բ» կետով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ վտարումն անշարժ գույքի տարածքից իրականացվում կամ օտարված գույքը նախկին սեփականատիրոջից վերցվում և նոր սեփականատիրոջն է հանձնվում օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումը ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-105-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։