Հոդված 11. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը
Հոդված 11. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը
(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)
1. Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:
3. Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որևէ նվազեցում կամ ավելացում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝
ա) այն նպատակով, որի համար օտարվում է սեփականությունը.
բ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հանգամանքով.
գ) ձեռքբերողի ցանկացած նախնական գործողությամբ, որը կապված է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հետ (այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունը).
դ) սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներով:
5. Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը:
6. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից:
(11-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)