ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 5567/16)
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի հոկտեմբերի 2-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Սեբաստիան Բիանկերի [Sébastien Biancheri]` դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1985 թվականին ծնված և Ծաղկաձորում բնակվող՝ Հայաստանի քաղաքացի պրն Գևորգ Սաֆարյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը, տկն Լ. Հակոբյանը և տկն Գ. Պետրոսյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունվարի 16-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 5567/16),
Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու, որին ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, և գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
գանգատը Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու վերաբերյալ որոշումը,
գործի քննությանը Հայաստանի մասով ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի մասնակցության դադարեցումը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի` ցույցից հետո նրա ենթադրյալ անօրինական ձերբակալության և դատարանի մատչելիության նրա իրավունքը ենթադրաբար խախտելու մասին բողոքներին։ Դիմումատուն հիմք է ընդունել Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները։
Ա. Մինչև գանգատի վերաբերյալ ծանուցում ստանալը դիմումատուի կողմից ներկայացված փաստերը
2. 2014 թվականի մարտի 6-ին դիմումատուն ձերբակալվել է հանրային ճանապարհին անցկացված ցույցի ավարտից հետո մի քանի ժամ անց՝ ճանապարհը չփակելու վերաբերյալ ոստիկանության կողմից տրված օրինական կարգադրությունը չկատարելու համար (վարչական իրավախախտում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն): Ոստիկանությունը դիմումատուին արգելանքի վերցնելը հիմնավորել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու անհրաժեշտությամբ։ Այնուհետև դիմումատուն ազատ է արձակվել։ Դիմումատուի՝ արգելանքի տակ պահելու վայրում կալանքի տևողությունը կողմերի կողմից վիճարկվել է։
3. Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ դիմումատուի նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն։
4. Դիմումատուն իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին տեղեկացել է միայն Վարչական դատարանում գործը քննության նշանակվելուց հետո, քանի որ դատարանը համապատասխան ծանուցումն ուղարկել էր սխալ հասցեով։
5. Դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ Վարչական դատարանից պահանջելով նրանց գործողությունները ճանաչել անօրինական։ Նա վիճարկել է թե՛ ճանապարհը չփակելու ոստիկանության կարգադրության, թե՛ իր ձերբակալման օրինականությունը։ 2015 թվականի հունվարի 15-ին Վարչական դատարանը մերժել է նրա հակընդդեմ հայցն այն հիմքով, որ այն ներկայցվել է գործը քննության նշանակվելուց հետո։ Դիմումատուն վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է բերել այդ որոշման դեմ, որոնք մերժվել են Վարչական վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխանաբար 2015 թվականի ապրիլի 3-ին և հունիսի 24-ին (նա դատարանի վերջնական որոշման մասին ծանուցվել է 2015 թվականի հուլիսի 16-ին)։
6. 2016 թվականի հունվարի 16-ին իր գանգատը Դատարան ներկայացնելիս դիմումատուն որևէ տեղեկություն չի տրամադրել իր դեմ հարուցված վարչական վարույթի արդյունքի մասին։
7. 2016 թվականի փետրվարի 18-ի գրությամբ Դատարանը դիմումատուին տեղեկացրել է, որ նրա գանգատը գրանցվել է։ Նրան հիշեցրել են, որ նա պետք է Դատարանին տեղեկացնի իր գործի առնչությամբ էական զարգացումների վերաբերյալ և տրամադրի ներպետական մարմինների համապատասխան որոշումները։
8. 2016 թվականի հուլիսի 25-ի գրությամբ դիմումատուն Դատարանին տեղեկացրել է, որ 2016 թվականի հունիսի 23-ին՝ գանգատը ներկայացնելուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել համապատասխան ներպետական դրույթը, որի հիման վրա Վարչական դատարանը և բարձր ատյանի դատարանները մերժել էին իր հակընդդեմ հայցը՝ ժամկետից ուշ ներկայացվելու հիմքով։ Սահմանադրական դատարանը որոշել էր, inter alia (ի թիվս այլնի), որ հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետի ավարտը հայցվորի համար կանխատեսելի չէր, քանի որ այն կախված էր եղել բացառապես դատարանի՝ գործը քննության նշանակելու վերաբերյալ որոշումից։
9. Չնայած դիմումատուն իր վերոնշյալ գրության մեջ նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ իրեն թույլատրել են ներկայացնել լրացուցիչ բողոք, սակայն նա չի տեղեկացրել Դատարանին այդպիսի զարգացումների մասին։
10. 2021 թվականի փետրվարի 8-ին Դատարանը դիմումատուին տեղեկացրել է, որ այն մտադիր է քննել նրա գանգատը՝ խնդրելով վերջինիս հաստատել, որ ինքը ցանկանում է շարունակել գանգատի քննությունը։ Դիմումատուն դրական է պատասխանել։
Բ. Գանգատի վերաբերյալ ծանուցվելուց հետո Կառավարության կողմից ներկայացված փաստերը
11. Կառավարությունը 2022 թվականի հունիսի 16-ի իր դիտարկումներում Դատարանին տեղեկացրել է, որ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության դիմումը և դիմումատուի նկատմամբ նշանակել է տուգանք 50,000 ՀՀ դրամի (մոտավորապես 100 եվրո՝ տվյալ ժամանակահատվածում) չափով։
12. 2016 թվականի հուլիսի 18-ին դիմումատուն, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, լրացուցիչ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով վերանայել վերջինիս 2015 թվականի հունիսի 24-ի որոշումը։
13. 2017 թվականի դեկտեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և բեկանել է Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 3-ի որոշումը և Վարչական դատարանի 2015 թվականի հունվարի 15-ի որոշումը։ Համապատասխանաբար այն մասով, որով այն վերաբերել է դիմումատուի հակընդդեմ հայցին, գործը վերադարձվել է Վարչական դատարան՝ նոր քննության։
14. 2018 թվականի ապրիլի 13-ին Վարչական վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշումն այն հիմքով, որ դիմումատուի՝ ոստիկանության դեմ ներկայացված հակընդդեմ հայցը դեռևս չէր քննվել Վարչական դատարանի կողմից։ Այն նշել է, որ դիմումատուի իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով թե՛ դիմումատուի և թե՛ ոստիկանության կողմից ներկայացված հայցերը պետք է քննվեն միաժամանակ։
15. 2019 թվականի հուլիսի 1-ին Վարչական դատարանն ուսումնասիրել է թե՛ ոստիկանության դիմումը և թե՛ դիմումատուի հակընդդեմ հայցը։ Այն մասամբ բավարարել է դիմումատուի հակընդդեմ հայցը, քանի որ ընդունել է, որ նրա ազատության իրավունքը խախտվել էր, որովհետև ցույցից հետո նրան ձերբակալելն անհրաժեշտ չի եղել, և ուստի այն եղել է անօրինական՝ ներպետական իրավունքի համաձայն։ Միևնույն ժամանակ, ճանապարհը չփակելու մասին ոստիկանության կողմից տրված կարգադրությունը չկատարելու համար այն դիմումատուի նկատմամբ նշանակել է տուգանք` 50,000 ՀՀ դրամի չափով, և մերժել է նրա բողոքն այն մասին, որ ձերբակալման արդյունքում խախտվել են արտահայտվելու ազատության և հավաքների ազատության նրա իրավունքները։
16. 2021 թվականի հունիսի 9-ին Վարչական դատարանի 2019 թվականի հուլիսի 1-ի վճիռը թողնվել է անփոփոխ։ Դիմումատուն վճռաբեկ բողոք չի ներկայացրել:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
17. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն Դատարանին չի տրամադրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ի կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված իր բողոքներին առնչվող բոլոր փաստերը։ Մասնավորապես նրանք պնդել են, որ դիմումատուն Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներից հետո (վերևում՝ 8-րդ և 13-րդ պարբերությունները) Դատարանին չի տեղեկացրել այն մասին, որ Վարչական դատարանն ընդունել է իր հակընդդեմ հայցը քննության, անդրադարձել է Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ բողոքներին և ընդունել է, որ նրա ազատության իրավունքը խախտվել է։ Ըստ Կառավարության՝ դիմումատուի վարքագիծն անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում էր։
18. Կառավարությունը, որպես այլընտրանք, պնդել է, որ դիմումատուն կա՛մ կորցրել է տուժողի կարգավիճակը՝ հաշվի առնելով այն, որ նրա իրավունքների ենթադրյալ խախտումն իրենց կարծիքով վերացվել է ազգային մարմինների կողմից, կա՛մ չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Վերջին փաստարկի հետ կապված Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի պահանջել փոխհատուցում ոչ նյութական վնասի դիմաց այն բանից հետո, երբ ճանաչվել է, որ նրա իրավունքները խախտվել են։
19. Դիմումատուն պատասխանել է, որ վարույթի ոչ մի փուլում ներպետական մարմինները չեն ճանաչել, որ դատարանի մատչելիության նրա իրավունքը խախտվել է, որը, ավելին, եղել է Դատարան ներկայացված իր բողոքի հիմնական առարկան։ Սահմանադրական դատարանը պարզապես անդրադարձել է այն համապատասխան ներպետական դրույթի սահմանադրականությանը, որի վրա հիմնվել էին ներպետական դատարանները՝ մերժելով նրա հակընդդեմ հայցը, և դա չի կարող դիտվել նրա իրավունքի խախտման փաստի ճանաչում։ Հետևաբար նա պարտավոր չի եղել Դատարանին տեղեկացնել այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել գործը վերսկսվելուց հետո, քանի որ դրանք չեն առնչվել Դատարանում քննվող իր գործին։ Նույն կերպ, նա կարող է պնդել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասով տուժող է, քանի որ այդ առնչությամբ նրա իրավունքի խախտման փաստը չի ճանաչվել։ Ավելին, այդ ճանաչման բացակայության պարագայում նա չի կարող ներկայացնել փոխհատուցման պահանջ։
20. Անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման նկատմամբ կիրառելի համապատասխան սկզբունքներն ամփոփվել են Գրոսն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Gross v. Switzerland [GC]] գործում (թիվ 67810/10, § 28, ՄԻԵԴ 2014): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետին համապատասխան դիմումատուները պարտավոր են Դատարանին տեղեկացնել գանգատի հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ (տես՛ Գևորգյանը և այլք ընդդեմ Հայաստանի (որոշում) [Gevorgyan and Others v. Armenia (dec.)], թիվ 66535/10, § 36, 2020 թվականի հունվարի 14)։
21. 2016 թվականի հունվարի 16-ին ներկայացված իր գանգատում դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ ներպետական դատարանները, մերժելով իր հակընդդեմ հայցը, խախտել են դատարանի մատչելիության իր իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով։ Նա նաև բողոք է ներկայացրել այն մասին, որ նրա վարչական կալանքը եղել է անօրինական և իրականացվել է 5-րդ հոդվածի 1-ին կետով, 10-րդ հոդվածով և 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների խախտմամբ։ Դիմումատուն այնուհետև տեղեկացրել է Դատարանին Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 23-ի որոշման մասին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)։ Այնուհանդերձ, նա չի տեղեկացրել, որ դեռևս 2016 թվականի հուլիսի 18-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը, նա լրացուցիչ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը փաստորեն բավարարվել է, և որ այդ բողոքի արդյունքում Վարչական դատարանը քննել է իր հակընդդեմ հայցը և ճանաչել, որ նրա վարչական կալանքը եղել է անօրինական։ Այդ փաստերն անկասկած համարվում էին առանցքային փաստական զարգացումներ և վերաբերում էին Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 6-րդ հոդվածի համաձայն դիմումատուի կողմից ներկայացված բողոքների բուն էությանը, ինչպես ձևակերպված էր նրա գանգատում։ Սակայն դիմումատուն, սեփական նախաձեռնությամբ Դատարանին չտրամադրելով այդ առանցքային զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, չնայած այն փաստին, որ դեռևս 2016 թվականի փետրվարի 18-ին նա տեղեկացվել էր այդ պարտավորության մասին (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), չի կատարել Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով նախատեսված իր ընթացակարգային պարտավորությունները (համեմատե՛ք Դիմո Դիմովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Dimo Dimov and Others v. Bulgaria], թիվ 30044/10, §§ 43-44, 2020 թվականի հուլիսի 7)։ Բացի այդ, 2021 թվականի փետրվարի 8-ին, այսինքն՝ այն բանից հետո, երբ նրա հակընդդեմ հայցն արդեն քննվել և մասնակի բավարարվել էր Վարչական դատարանի կողմից, դիմումատուն տեղեկացվել է, որ Դատարանը պատրաստվում է քննել իր գանգատը։ Նույնիսկ դրանից հետո, չնայած ունենալով վերոնշյալ պարտավորությունը կատարելու հնարավորություն, նա նախընտրել է չկատարել այդ պարտավորությունը։ Արդյունքում Դատարանը զրկվել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին գանգատի ընդունելիության նախնական պատշաճ գնահատում իրականացնելու հնարավորությունից և չի իրազեկվել այդ զարգացումների մասին մինչև Կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 16-ին իր դիտարկումները ներկայացնելը։
22. Պետք է ընդունել այն փաստը, որ վերոնշյալ որոշումներն ընդունվել են գանգատը Դատարան ներկայացվելուց հետո, և դիմումատուն չէր կարող կանխատեսել իրադարձությունների նման զարգացում։ Սակայն դիմումատուները, Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետի համաձայն, պարտավոր են Դատարանին տեղեկացնել գանգատին առնչվող բոլոր հանգամանքների մասին (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Գևորգյանը և այլք գործը, § 36): Դատարանը նաև կարևորում է այն փաստը, որ դիմումատուին ներկայացրել են երեք պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք գիտեին կամ պետք է իմանային նրա՝ Դատարանի նկատմամբ ընթացակարգային պարտավորությունների մասին։ Այն չի կարող ընդունել դիմումատուի՝ ընթացակարգային պարտավորությունը չկատարելու վերաբերյալ բացատրությունը։ Այդ զարգացումների ազդեցությունը նրա՝ տուժողի կարգավիճակի վրա կախված չէր Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով նախատեսված իր պարտավորությունից, և ավելին, դա այն հարցն էր, որը պետք է որոշվեր Դատարանի կողմից։ Սույն գործով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները (տե՛ս վերևում՝ 8-րդ և 13-րդ պարբերությունները) ունեցել են գործնական ազդեցություն՝ վերականգնելով դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ինչը նրան հնարավորություն է տվել իր բողոքները ներկայացնելու քննության ներպետական դատարանների կողմից և նույնիսկ հասնելու իր ազատության իրավունքի խախտման փաստի ճանաչման։ Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով նախատեսված իրենց պարտավորությունների համաձայն՝ թե՛ դիմումատուն, թե՛ նրա ներկայացուցիչները պետք է Դատարանին անհապաղ տեղեկացնեին նման որոշիչ զարգացումների մասին, սակայն նրանք դա չեն արել և նույնիսկ չեն տրամադրել հիմնավոր բացատրություն ընթացակարգի առնչությամբ նման լուրջ անգործության համար։
23. Այդ համատեքստում Դատարանը գտնում է, որ առկա է բավարար տեղեկություն՝ հաստատելու համար, որ դիմումատուն, չկատարելով Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով նախատեսված իր պարտականությունը, դիտավորությամբ խոչընդոտել է Դատարանին գործով որոշում կայացնել փաստերի լիակատար իմացությամբ։
24. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը համարում է, որ սույն գործով դիմումատուի վարքագիծն ակնհայտորեն հակասել է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի նպատակին։ Ավելին, թեև նրա անգործությունն ուղղակիորեն վերաբերել է միայն այն բողոքներից երկուսին, որոնց վերաբերյալ պատասխանող Կառավարությունը ծանուցվել էր, Դատարանը համարում է, որ նրա ոչ պատշաճ վարքագիծը պետք է հետևանքներ առաջացնի նրա ամբողջ գանգատի ընդունելիության համար (համեմատե՛ք Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Safaryan v. Armenia (dec.)], թիվ 16346/10, § 30, 2020 թվականի հունվարի 14)։
25. Հետևաբար գանգատն ամբողջությամբ պետք է մերժվի՝ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքը չարաշահելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։
Մարտինա Կելլեր՝ Ջիլբերտո Ֆելիչի՝
Քարտուղարի տեղակալ Նախագահ