Հոդված 16. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները
Հոդված 16. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները
Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրներն են`
1) ոռոգման և խմելու ջրի համակարգերի կայուն շահագործման ապահովումը, կառավարման մեխանիզմների կատարելագործումը.
2) ոռոգման ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավումը, ոռոգելի տարածքների ավելացումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` ոռոգման առկա համակարգերը վերականգնելու և դրանք ընդլայնելու եղանակով` գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարության և ծրագրերի իրականացմանը համահունչ.
3) ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների ֆինանսական կայունության ապահովումը.
4) հուսալի և անընդհատ ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.
5) բնակչության համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության բարձրացումը.
6) անապահով սպառողներին ջրային ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովումը.
7) ջրային համակարգերի շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, համակարգերի մասնակցային կառավարման զարգացումը.
8) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեության նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացումը.
9) շահագործման նվազագույն տեխնիկական պահանջների սահմանումը և հսկողությունը.
10) խմելու ջրամատակարարման, ցամաքուրդային, ոռոգման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակի և կառավարման նկատմամբ հսկողության ապահովումը.
11) ջրօգտագործողների կողմից ջրամատակարարման և հեռացվող կեղտաջրերի որակի մոնիթորինգի իրականացման բարելավումը, որն ուղղված է լինելու ջրային ռեսուրսները աղտոտումից պաշտպանելուն.
12) շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը.
13) ջրի հաշվառման համակարգի ներդրումը.
14) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ջրակորուստների նվազեցումը.
15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.
16) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, կառուցման և շահագործման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը.
17) ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը.
18) ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման ապահովումը: