Հոդված 13. Պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգումը բնորոշող չափանիշները
Հոդված 13. Պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգումը բնորոշող չափանիշները
1. Պետական նշանակության ջրային համակարգերը բնորոշող չափանիշներն են`
1) դրանց ռազմավարական նշանակությունը.
2) սոցիալ-տնտեսական, բնապահպանական նշանակությունը.
3) ջրային համակարգերի օգտագործման խափանման ռիսկը.
4) վթարների առաջացման դեպքում հնարավոր վտանգների առաջացման ռիսկը` բնակչության մեծ խմբերին ջրամատակարարման ապահովման խնդիրների առաջացումը, որպես դրանց հետևանք սոցիալական դժգոհությունների առաջացումը.
5) շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացումը:
2. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, պետական նշանակության առաջին և երկրորդ կարգի ջրային համակարգեր համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող ջրային համակարգերը, որոնց համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպոնացվում են միջոցներ արտակարգ իրավիճակները կանխելու համար: Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը սահմանում է սույն օրենքը:
3. Երրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին:
4. Չորրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, դրանց միություններին և հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների:
5. Հինգերորդ կարգի ջրային համակարգերը կարող են տրվել մասնավորեցման:
6. Պետական նշանակության ջրային համակարգերի իրավական, կազմակերպական, տնտեսական և այլ ռեժիմներն ու դրանց պահպանության և շահագործման պահանջները տարածվում են նաև մասնավոր ներդրողների կառուցած այն ջրային համակարգերի վրա, որոնք իրենց բնութագրերով համապատասխանում են պետական նշանակության ջրային համակարգերի չափանիշներին: Մասնավոր ներդրողների կառուցած ջրային համակարգերի վրա պետական նշանակության ջրային համակարգերի ռեժիմների տարածումը չի առաջացնում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն: