Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները
Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները
1. Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են խմելու ջրի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Խմելու-կենցաղային ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մշտապես իրականացվում են դրանց հուսալիության անհրաժեշտ մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումներ:
3. Խմելու ջրի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.
1) պահանջվող որակի և անհրաժեշտ քանակի ջրով ապահովումը.
2) անընդմեջ ջրամատակարարման ապահովումը.
3) գյուղական վայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը.
4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` հատկապես գյուղական վայրերում.
5) ջրամատակարարման համակարգերում ջրի կորուստների նվազեցումը.
6) էներգատար ջրամատակարարման համակարգերի հնարավորինս փոխարինումը ինքնահոս համակարգերով.
7) ջրի հաշվառման համակարգի ներդրումը և զարգացումը, ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
8) կեղտաջրերի մաքրման կայանների անհրաժեշտ վերանորոգումը և նորերի կառուցումը.
9) ջրօգտագործողների կողմից արտադրական կեղտաջրերի նախնական մաքրում իրականացնելու մեխանիզմների ստեղծումը.
10) օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը և նորերի կառուցումը.
11) ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ենթակառուցվածքի զարգացումը.
12) համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը.
13) ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.
14) կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդրումը.
15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մակարդակի բարձրացումը (տեխնիկական վերազինում և կադրերի պատրաստում).
16) ջրամատակարարման համակարգերի վերականգնման և կառուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը:
4. Ջրամատակարարման ժամերի քանակը և քսանչորսժամյա ջրամատակարարմանն անցնելու ժամանակացույցը` ըստ կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի սպասարկման տարածքների և(կամ) ենթատարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների կամ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով ջրային հարաբերություններում ֆինանսական օգնության տրամադրման ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: