Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևերը և արդյունքների գնահատումը
Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևերը և արդյունքների գնահատումը
1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման ձևերն են բաց ընթացակարգը և փակ ընթացակարգը:
2․ Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի։
3․ Բաց ընթացակարգն իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մեկ փուլով բաց ընթացակարգի իրականացում:
4․ Փակ ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման, իսկ որակավորման հարցումը տրամադրվում է միայն իրավասու մարմնի կողմից նախապես որոշված անձանց: Փակ ընթացակարգն իրականացվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը և պարունակում է պետական գաղտնիք:
5․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`
1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ
2) արժեքի վրա հիմնված ընտրություն:
6․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ:
7․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման, արդյունքների գնահատման կարգը, գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:
(14.5-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)
(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)