Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը
Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը
Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:
Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:
Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:
Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում:
Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով, որը համարվում է երկարաձգված` հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին: Ջրավազանային կառավարման պլանների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման պայմանները կարող են վերանայվել:
Ջրօգտագործման թույլտվություններ տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:
Ջրօգտագործման թույլտվություն ունեցողը թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ կարող է դիմել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, և դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձևակերպման` նույն ժամկետով և պայմաններով:
(33-րդ հոդվածը խմբ. 16.11.09 ՀՕ-206-Ն, 03.10.11 ՀՕ-260-Ն, 19.06.13 ՀՕ-89-Ն)