Հոդված 47.1. Տուժանքները
Հոդված 47.1 Տուժանքները
1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի դրույթների, Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իր իրավասությունների սահմաններում իրավասու է տալու խախտումները վերացնելու հանձնարարականներ և կիրառելու տուժանքների հետևյալ տեսակները.
1) նախազգուշացում.
2) տուգանք.
3) լիցենզիայի գործողության կասեցում.
4) լիցենզիայի գործողության դադարեցում:
Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է իր նկատմամբ տուժանք կիրառելու հարցը, արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:
2. Լիցենզավորված անձի կողմից`
1) սույն օրենսգրքի դրույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի չափով.
2) Կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիայի պայմանները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով.
3) Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքների գումարները Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(գլուխը լրաց. 23.06.15 ՀՕ-108-Ն)