Հոդված 8. Ջրի ազգային խորհուրդը
Հոդված 8. Ջրի ազգային խորհուրդը
Ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:
Ջրի ազգային խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Ի պաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են տարածքային կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը, Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը և Կարգավորող հանձնաժողովի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում ներկայացուցիչներ են ընդգրկվում բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պետական գույքի կառավարման, առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի պետական կառավարման լիազորված մարմիններից և բնագավառի մասնագետներից: Ջրի ազգային խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ:
Ջրի ազգային խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգի հիման վրա:
Ջրի ազգային խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
Ջրի ազգային խորհուրդը՝
1) քննարկումներ է կազմակերպում ջրային ռեսուրսների տնօրինման, տիրապետման և օգտագործման բնագավառում ծագած հարցերի,
2) առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և դրանցում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ջրային հարաբերություններին առնչվող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի, ջրի ազգային ծրագրի կատարման տարեկան հաղորդումների, Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման մարմինների գործողություններում առաջացող տարաձայնությունների վերաբերյալ,
3) տալիս է եզրակացություն`
- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերից ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ,
- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչև 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:
Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծվում է վեճերը լուծող հանձնաժողով:
(8-րդ հոդվածը լրաց. 03.10.11 ՀՕ-260-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն)