Հոդված 31. Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները
Հոդված 31. Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները
Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները:
Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կիրառում է հետևյալ չափանիշները՝
1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի, ջրավազանային կառավարման պլանների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա.
3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին և նշանակությանը.
4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.
5) սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.
6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.
7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխելու գերակայությունները սահմանող հետևյալ չափանիշներով`
1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը.
2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործումներին.
3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին.
4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ: