Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-14-ից մինչև 2026-03-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2026-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-306-Ն)

Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝

1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար.

2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.

3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.

4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին.

5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը.

6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին և ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.

7) օրենքով նախատեսված դեպքերում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.

8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություններ.

9) կառավարության հաստատած կարգով կարգավորում և վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.

10) վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.

11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.

12) մասնակցում է ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.

13) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը.

14) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների քննարկմանը՝ լիցենզիաների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ.

15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.

16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ և նորմեր.

17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.

18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը և վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:

(12-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն, լրաց. 09.12.20 ՀՕ-492-Ն, փոփ. 13.11.25 ՀՕ-380-Ն)

(09.12.20 ՀՕ-492-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։