Հոդված 42. Ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությունը
Հոդված 42. Ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությունը
1. Ծառայողական քննության արդյունքներով` կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատման ներկայացնելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են ոստիկանության իրավասու ծառայություն՝ իրավական փորձաքննության:
2. Իրավական փորձաքննությունը կատարվում է 7-օրյա ժամկետում, որը ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվվում: Անհրաժեշտության դեպքում ոստիկանության պետը կամ վերջինիս տեղակալը այդ ժամկետը կարող է երկարաձգել ևս 7 օրով:
3. Իրավական փորձաքննության արդյունքներով կազմվում է եզրակացություն, որը ծառայողական քննության նյութերի հետ վերադարձվում է ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանմանը:
4. Իրավական փորձագիտական եզրակացության մեջ գնահատական է տրվում մեղադրական փաստական տվյալների թույլատրելիությանը, վերաբերելիությանը, բավարարությանը, ծառայողական քննության օբյեկտիվությանը, լրիվության և բազմակողմանիության ապահովմանը վերաբերող հարցերին: Իրավական փորձագիտական եզրակացությունն ավարտվում է ծառայողական քննության իրավաչափության կամ ոչ իրավաչափության մասին գնահատականով:
5. Ոստիկանության պետի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերն իրավական փորձաքննության կարող են ուղարկվել նաև կարգապահական այլ տույժեր նշանակելու դեպքերում:
6. Իրավական փորձագիտական եզրակացությունը կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձի համար ունի խորհրդատվական նշանակություն: