Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները
Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները
Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.
գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.
դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ.
ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:
Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:
Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է.
բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ունակությունների զարգացումը.
գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.
դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.
ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.
զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը:
Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.
բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.
բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:
Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`
ա) կազմակերպում են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.
բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար.
գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:
(9.1-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-53-Ն)
(հոդվածը 22.01.25 ՀՕ-14-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո)