Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2019-10-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2019-10-14Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն.

բ) ֆիզիկական դաստիարակություն` բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.

գ) ֆիզկուլտուրայի շարժում` բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն.

դ) սպորտ` ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած` մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.

ե) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմ` մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.

զ) սիրողական սպորտ` մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության` տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.

է) պրոֆեսիոնալ սպորտ` սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.

ը) օլիմպիական շարժում` սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.

թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ` ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.

ժ) ուսումնամարզական ծրագրեր` ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների և ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը.

ժա) մարզիչ-մանկավարժ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ.

ժբ) մարզիկ (մարզուհի)` որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ:

(2-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

ՀՈԴՎԱԾ 2.1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2.1-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-110-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։