Հոդված 31. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
Հոդված 31. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:
Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:
1.1. Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:
2. Եթե կարգապահական վարույթը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:
4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:
5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության ժամանակահատվածով:
6. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է քննչական կոմիտեի տվյալ քննիչի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը:
7. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
8. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:
9. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը:
10. Կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
11. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե քննչական կոմիտեի նույն քննիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:
12. Եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:
13. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:
14. Կարգապահական տույժի ենթարկված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:
(31-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-184-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.06.22 ՀՕ-184-Ն օրենքն ունի անցումային դրույթ)