Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ մասերով.
«10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով դատական ակտը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի հանգեցնում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման կամ սեփականության իրավունքի սուբյեկտի փոփոխման, ապա բազմաբնակարան շենքի առանձնացված միավորի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա գրանցվում է նրա կողմից օրենքի ուժով ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ առանց սույն օրենքով նախատեսված պետական գրանցման համար նախատեսված լրացուցիչ վճարների գանձման:
11. Եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է հողամասի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականության իրավունքը, ապա հողամասի պետական գրանցման դիմումի հետ, սույն օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ՝ գրանցվող հողամասերի բոլոր շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատներով՝ տարանջատելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով այդ հողամասի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար հատկացված հողամասը` Կառավարության սահմանած սխեմայի (կոորդինատների) սահմաններում, և պետության կամ համայնքի սեփականության իրավունքով գրանցվող հողամասը: Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա գրանցվում է բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար առանձնացված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ առանց սույն օրենքով նախատեսված պետական գրանցման համար նախատեսված լրացուցիչ վճարների գանձման:
12. Սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված դեպքերում անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա որևէ տեսակի սահմանափակումները հիմք չեն հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չկատարելու համար:»: