Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-27-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 12. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը

գործել է մինչև 2024-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը

1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակը, որը վերջին էջում ներառում է տեղեկանք ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան երեք օր հետո լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` ըստ համայնքների:

Լիազոր մարմինը Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների և ընտրական տեղամասերի, իսկ Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ըստ վարչական շրջանների և ընտրական տեղամասերի:

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների և ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան ութ օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։

3. Լիազոր մարմնի կազմած՝ տեղամասային կենտրոնում փակցվող և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված` քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 3 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

4. Զորամասի հրամանատարը զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները:

5. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

6. Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարն ընտրողների ցուցակը քվեարկության օրը կազմում և հանձնում է ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին:

(12-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց., փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 2-րդ մասը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։