Հոդված 28
Հոդված 28.
Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը
(վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով կատարված և հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր և այլն)։
Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:
3. Հայտարարագրում նշվում են`
1) նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների ժամանակագրությունը, նվիրատվության գումարի չափը և նվիրատվություն կատարած անձանց մասին տվյալները.
2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.
3) հիմնադրամում մնացած գումարի չափը:
4. Հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համացանցային կայքում:
(28-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի վերնագիրը, 1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը և 3-րդ մասի 1-ին կետը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(հոդվածի 1-ին և 2-րդ մասերը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ են մտնում 01.01.2025 թվականին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 9-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)