Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-27-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը

գործել է մինչև 2024-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը

1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։ Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնք պետք է ունենան անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու հնարավորություն (օնլայն բանկինգ, վճարային քարտ և այլն): Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) իր կատարած նվիրատվություններից.

2) իրեն առաջադրած կուսակցության կատարած նվիրատվություններից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած նվիրատվություններից.

2) ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կատարած նվիրատվություններից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն նվիրատվությունները:

5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

5.1. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն։

6. Նախընտրական հիմնադրամներում կատարվող նվիրատվությունների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:

7. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և տեղադրում իր համացանցային կայքում։

8. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 1-4-րդ և 5.1-6-րդ մասերը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։